ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսել է Օլիմպիական խաղերի 2024 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման գործընթացի մասին, որը կայացել է Արթուր Ալեքսանյանի և Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի միջև:
Բողոքարկման առաջին պատասխանը բացասական էր, սակայն հայկական կողմը շարունակեց բողոքարկման գործընթացը և սպասում է վերջնական որոշմանը:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում իրանցի ըմբիշ Սարավին դուրս եկավ գորգից, շարունակեց հնարքը և վաստակեց երկու միավոր: Սակայն, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կարծիքով, Սարավին պետք է նախազգուշացում ստանար խախտման համար, իսկ երկու միավորը պետք է տրամադրվեր Արթուր Ալեքսանյանին:
«Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են գնահատել գոտեմարտը։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ֆեդերացիայի բողոքը և Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիայի պատասխանը կցելով, դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին: Առաջին պատասխանը եղել է հետևյալը. "Կցեք հավելյալ փաստեր, թե որ դրվագում է տեղի ունենում բողոքարկումը": Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում բողոքարկման հանձնաժողով կուղարկվեն լրացուցիչ ապացույցներ: Ունենք տեսագրություններ, որտեղ նույն դրվագի համար՝ այլ գոտեմարտում, գորգից դուրս եկող մարզիկը նախազգուշացում է ստացել, իսկ հակառակորդին միավոր է տրվել։
Այնպես որ, ունենք փաստեր, որ Արթուր Ալեքսանյանի դեպքում վերաբերմունքը ճիշտ հակառակն է եղել։ Մենք ավելի քան վստահ ենք, որ Արթուր Աղեքսանյանը չէր պարտվի այս գոտեմարտում, առավել ևս, որ դրանից հետո այլ միավոր կամ գործողություն չի եղել։ Մենք կշարունակենք պայքարել մինչև վերջ, և հուսով եմ, որ արդարությունը կհաղթանակի»,- ասել է Կարեն Գիլոյանը։