Օգոստոսի 19-ին Հորդանանի մայրաքաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունը: Այսօր հայտնի դարձան մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգերի եզրափակիչ զույգերը:
Հայաստանը ներկայացված է 5 ըմբիշով, յուրաքանչյուր քաշային կարգում ' մեկական մասնակից: 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանն ու 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար, իսկ 48 կգ քաշային Մարտին Մանջիկյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորության համար սփոփիչ գոտեմարտ կանցկացնի:
48 կգ քաշային Մարտին Մանջիկյանն իր առաջին սփոփիչ հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Կրիստովի հետ: Հաղթանակի դեպքում նա բրոնզե մեդալի համար կպայքարի հունգարացի ըմբիշ Լասլո Զուրոմիի դեմ:
Իրանցին և ճապոնացին սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն, և այս զույգի հաղթողը բրոնզե մեդալի համար գոտեմարտում կհանդիպի 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանի հետ:
Հորդանանի և Մոլդովայի ներկայացուցիչները նույնպես սփոփիչ հանդիպում կանցկացնեն, և այս գոտեմարտի հաղթողը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ: Արդյունքում, այս սփոփիչ հանդիպումների հաղթողը բրոնզե մեդալի համար կմրցի 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանի հետ: