Հայ ըմբիշներ Մալխաս Ամոյանը և Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև աթլետ Երվանդ Մկրտչյանը 2024 թվականի Օլիմպիական խաղերի ավարտից հետո հանդիպեցին երկրպագուների հետ Փարիզի «Հայաստանի օլիմպիական տանը»։
Արթուր Ալեքսանյան:
«Մեզ զգացնել տվեցիք մեր հայրենակիցների աջակցությունը մենամարտերի ընթացքում։ Շատ շնորհակալություն։ Դուք իսկապես մեզ ուժ եք տալիս։ 2017 թվականին ես դարձա աշխարհի չեմպիոն Ֆրանսիայում, և այն ժամանակ, և հիմա զգում էի մեր հայրենակիցների ջերմությունն ու աջակցությունը։ Հիշում եմ, որ աշխարհի առաջնությունում տպավորություն կար, որ ես մենամարտում եմ Երևանում, քանի որ հայերը մեծ թվով ներկա էին մարզադահլիճում։ Նույն զգացումն ունեցա նաև երեկ և շատ շնորհակալ եմ այդ աջակցության համար», - ասել է Արթուր Ալեքսանյանը։
Մալխաս Ամոյան:
«Անկասկած, յուրաքանչյուր մարզիկի երազանքն է դառնալ օլիմպիական չեմպիոն։ Ես նույնպես եկել էի Փարիզ ոսկե մեդալ նվաճելու համար, բայց այս անգամ բավարարվեցի բրոնզով։ Ուրախ եմ, որ կարողացա մեդալ բերել Հայաստանի համար։ Օլիմպիական խաղերի մթնոլորտը հիասքանչ էր, կարծես տոն էր, մենք մեծ էներգիա էինք ստանում։ Օլիմպիական գյուղում մենք տեսնում էինք հաղթողների և պարտվածների տարբեր զգացողությունները։ Սպորտային կյանքը կարճ է, և այս պահերը միշտ կմնան մեր հիշողություններում։
Ուրախ եմ, որ կարող եմ բարձր պահել թե՛ հայ ժողովրդի, թե՛ եզդի ժողովրդի պատիվը և ուրախացնել իմ ժողովրդին։ Կփորձեմ ապագայում էլ ավելի լավ հանդես գալ», - ասել է Մալխաս Ամոյանը։
Հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
«Զարմանալի է, երբ արծաթե մեդալի համար տխրում ես։ Այնուամենայնիվ, սա իրականությունն է։ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատմության երրորդ մարզիկն է, որը կարողացել է Օլիմպիական խաղերում չորս մեդալ նվաճել։ Արթուրը ավելի քան 13 տարի ամենաբարձր մակարդակով է հանդես գալիս և ամեն տարի մեդալներ է նվաճում։ Մալխաս Ամոյանը աշխարհի չեմպիոն է մինչև 72 կգ քաշային կարգում, վերջերս փոխել է կարգը մինչև 77 կգ։ Չնայած դրան, նա այս անգամ էլ պատրաստ էր դառնալ չեմպիոն։ Հավատում եմ, որ Մալխասը դեռ կասի իր խոսքը։ Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել, ինչը շատ լավ արդյունք է», - ասել է Կարեն Գիլոյանը և շնորհավորել մեր մարզիկներին հաջող ելույթների և նվաճված մեդալների համար։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 97 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել, իսկ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր մինչև 77 կգ քաշային կարգում։