Դենվերում տեղի ունեցած LFA 186 մրցաշարում 19-ամյա ՄՄԱ մարտիկը Ռոստովից Դավիթ Մգոյանը (4-0) հաջողությամբ նորամուտ արեց ամերիկյան ասպարեզում՝ առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տոնելով ամերիկացի Էյ Ջեյ Ռոբբի (6-4) նկատմամբ:
Մգոյանը մարտի առաջին վայրկյաններից վերցրեց նախաձեռնությունը՝ ցուցադրելով վստահ գործողություններ թե՛ կանգուն, թե՛ գետնին։ Մի քանի ճշգրիտ հարվածներից հետո նա մի քանի անգամ կատարեց թեքդաուններ՝ տեղափոխելով մարտը գետնին։ Ամեն մի նետումը ուղեկցվում էր բռունցքներով և արմունկներով հզոր աշխատանքով, ինչն էլ հանգեցրեց մրցակցի լուրջ կտրվածքին։ Երկու մարտիկներն էլ արագորեն ծածկվեցին Էյ Ջեյ Ռոբբի արյունով, բայց դա չկանգնեցրեց Դավիթին, ով շարունակում էր ուժեղացնել ճնշումը։
Չնայած Ռոբբի փորձերին վերականգնել մարտի վերահսկողությունը, նա չկարողացավ արդյունավետ պաշտպանվել Մգոյանի հզոր հարվածներից։ Դավիթը շարունակեց հարվածներ հասցնել անգամ կանգուն վիճակում, որտեղ Էյ Ջեյը ակնհայտորեն զիջում էր։ Առաջին ռաունդի ավարտին մնացած 30 վայրկյանում մրցավարը որոշեց կանգնեցնել մարտը՝ պաշտպանելով մարտիկին հետագա վնասվածքներից։
Դավիթ Մգոյանը ազգությամբ եզդի է, սակայն նրա ծնողները ծագումով Հայաստանից են, այդ պատճառով նա բարձրացնում է երկու դրոշ՝ հայկական և եզդիական։ Մեր հարցազրույցում նա պատմել էր Արման Ծառուկյանի հետ ծանոթության և UFC-ում հանդես գալու ցանկության մասին։