ՖԱ «Սյունիք»-ը հրաժարվեց մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում
Հուլիս 1, 2024, 6:02 p.m.
Կապանի «Սյունիք» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայում և հանդես կգա Առաջին խմբում:
«Սյունիք» ֆուտբոլային ակումբը, թեպետ ՀՖՖ-ի կողմից ստացել էր 2024/25 թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու արտոնագիր, այս տարի Առաջին խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Հաշվի առնելով փաստը, որ մեր թիմը չկարողացավ նվաճել Առաջին խմբի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Կապանի «Լեռնագործ» ստադիոնը չի համապատասխանում Պրեմիեր լիգայի չափորոշիչներին, իսկ «Սյունիքը» սկզբունքային դիրքորոշում ունի տնային հանդիպումներն անցկացնել բացառապես հարազատ մարզում՝ շեշտը դնելով տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման վրա, ակումբը որոշում է կայացրել եւս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ «Սյունիք» ՖԱ ղեկավարությունը թիմի առաջ նպատակ է դրել գալիք մրցաշրջանն ավարտել առաջին հորիզոնականում և ոսկե մեդալներով տեղափոխվել Պրեմիեր լիգա, - նշվում է ակումբի հայտարարությունում:
Նշենք, որ Առաջին խմբի չեմպիոն դարձավ Կապանի մեկ այլ ակումբ՝ «Գանձասար»-ը, որը հանդես կգա Պրեմիեր լիգայում և կանցկացնի տնային հանդիպումները Վայք քաղաքում։
Սպորտային նորություններ Հայաստանից և աշխարհից. Կայքը ստեղծվել է անկախ լրագրողներին՝ լուսաբանելու հայ մարզիկների կյանքը աշխարհի տարբեր ծայրերից և հանուն հայկական սպորտի խթանում.
Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։