Այսօր՝ օգոստոսի 4-ին, երկու հայ մարմնամարզիկներ՝ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հանդես կգան 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում։ Եզրափակչից առաջ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը նամակով դիմել է երկու մարմնամարզիկներին։
Մարմնամարզության եզրափակիչը մեկնարկում է Երևանի ժամանակով 17:00-ին։ Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկի եզրափակչում, իսկ Վահագն Դավթյանը՝ օղակների եզրափակչում։
Գագիկ Վանոյանի ուղերձը Արթուր Դավթյանին.
«Սիրելի՛ Արթուր, այսօր՝ եզրափակչից առաջ, մինչ քո ելույթի սկսվելը, ուզում եմ դիմել քեզ։
Նախ և առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել քո ծնողներին՝ քեզ նման հրաշալի անձնավորություն և քո գործի նվիրյալը մեծացնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում քեզ այն հիանալի տարիների համար, որոնք դու նվիրեցիր մարմնամարզությանը՝ չհանձնվելով դժվարին մարզումային պայմաններին։ Դու չնահանջեցիր, դարձար ավելի ուժեղ, պայքարեցիր ամեն օր և ամեն ժամ, պայքարեցիր առանց տրտնջալու, պայքարեցիր յուրաքանչյուր հաղթանակիդ համար: Ես անչափ հպարտ եմ քո բոլոր ձեռքբերումներով՝ միջազգային մրցաշարերից մինչև Եվրոպայի և աշխարհի առաջնություններ, մինչև օլիմպիական բրոնզ։
Արթուր, մենք բոլորս գիտենք, թե որքան կարևոր է այս օրը քեզ համար, չէ՞ որ դու հաղթողի ամենահավանական թեկնածուներից մեկն ես: Բայց անկախ այս եզրափակչի արդյունքից, եղբայրս, դու պատվով անցել ես սպորտային փառքի ճանապարհով և արդեն քո անունը՝ Արթուր Դավթյան, ոսկե տառերով գրի առել հայրենական և համաշխարհային սպորտի տարեգրության մեջ։
Շնորհակալություն բոլոր երջանիկ պահերի համար, որոնք դու մեզ նվիրեցիր։ Համոզված եմ, որ մեր առջևում դեռ շատ հաղթանակներ են սպասվում»:
Գագիկ Վանոյանի ուղերձը Վահագն Դավթյանին.
«Աշխատասիրությունը, միայն մեծ աշխատասիրությունը կարող է կյանքի կոչել ամենաանհավատալի երազանքները, և մենք դա տեսանք Վահագնի օրինակով: Սիրելի ընկեր, այսօր դու ելույթ կունենաս Օլիմպիական խաղերի եզրափակչում: Ցանկանում եմ հաջողություն մաղթել և շնորհակալություն հայտնել քեզ՝ հայկական մարմնամարզության զարգացման մեջ ունեցած մեծ ավանդի համար։ Դու օրինակ ես երիտասարդների համար, ցույց տալով, որ որքան էլ անհասանելի թվա երազանքը, սիրո և աշխատասիրության շնորհիվ կարելի է այն իրականացնել։ Շնորհակալություն քեզ, եղբայր»։