Խոսքը սովետական ֆուտբոլի ևս մեկ լեգենդի մասին է։ Մեր հերոսը Խորեն Հովհաննիսյանն է, ևս մեկ հայ, ով պատմություն է կերտել սովետական ֆուտբոլում։
Հովհաննիսյանը երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ-ի լավագույն կիսապաշտպանի տիտղոսին և երկու անգամ ընդգրկվել է ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստների ցուցակում։ Իր կարիերայի ընթացքում նա խփել է 135 գոլ։ Սա գերազանց արդյունք է կիսապաշտպանի համար։
Խորենը այն հայ ֆուտբոլիստներից է, ով ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնություններին։ 1982 թվականին նա մասնակցել է Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությանը՝ խաղալով Նոր Զելանդիայի, Բելգիայի և Լեհաստանի հավաքականների դեմ։
Հովհաննիսյանի ֆուտբոլային կարիերայում եղել են բազմաթիվ հիշարժան հանդիպումներ, բայց ուզում եմ կենտրոնանալ դրանցից մի քանիսի վրա։
Առաջին խաղը եղել է Արգենտինայի ազգային հավաքականի դեմ, որը տեղի է ունեցել 1980 թվականի դեկտեմբերի 4-ին Արգենտինայի Մար-դել-Պլատա քաղաքում, որտեղ ԽՍՀՄ հավաքականը խաղում էր գործող աշխարհի չեմպիոն Արգենտինայի դեմ։ Մեծ Մարադոնան բացեց խաղի հաշիվը 19-րդ րոպեին, և երկու րոպե անց Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղը տեղի ունեցավ 1982 թվականին աշխարհի առաջնության շրջանակներում, որտեղ ԽՍՀՄ հավաքականը հանդիպեց Բելգիայի հավաքականի հետ։ Բելգիացիների դեմ խաղի 48-րդ րոպեին Խորենը խփեց միակ և հաղթական գոլը։