Գևորգ Դիարբյանը՝ 22-ամյա հայ ֆուտբոլիստը ԱՄՆ-ից, խաղում է MLS-ի երկրորդ թիմի՝ New England Revolution II-ի կազմում MLS Next Pro լիգայում։
Նրա մայրական պապիկը՝ Լևոն Թովմասյանը, ֆուտբոլիստ էր Հայաստանում և Գևորգին սեր է ներշնչել ֆուտբոլի հանդեպ։ Դիարբյանը իր կարիերան սկսել է New England Revolution-ի ակադեմիայում, այնուհետև հանդես է եկել Պրովիդենսի քոլեջի թիմում, որտեղ եղել է թիմի առաջատարը։ 2024 թվականին նա պայմանագիր է ստորագրել Revolution II-ի հետ և շարունակում է իր մասնակցությունը խաղադաշտում։ Նրա երազանքը՝ ներկայացնել Հայաստանը միջազգային մակարդակով։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվող կիսապաշտպանը 17 խաղում խփել է 2 գոլ և կատարել 3 ասիստ MLS Next Pro լիգայում։ Մի քանի անգամ նա ընդգրկվել է New England Revolution-ի հիմնական թիմի կազմում MLS-ում, սակայն դաշտ դուրս չի եկել։
«Իմ պապիկը ինձ ծանոթացրեց "Բարսելոնայի" և Մեսսիի հետ։ Իմ հայրը ծնվել է Լիբանանում, բայց նա 100% հայ է, իսկ մայրս ծնվել է Հայաստանում։ Իմ ծնողները շատ երիտասարդ տարիքում տեղափոխվել են այստեղ։ Ես կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում։
Մենք բանակցություններ ենք վարել, և ես կարծում եմ, որ նրանք ուզում են ինձ ևս մի քիչ դիտարկել, հասկանալ, թե ինչպես եմ ես զգում պրոֆեսիոնալ ֆուտբոլում և պարզապես՝ ինչպես եմ զարգանում։ Ինձ պետք է իմ ներդրումը բերել, որպեսզի ստեղծեմ իմ անունը, և հույս ունեմ, որ ես կկարողանամ խաղալ Հայաստանի հավաքականում։ Դա իմ գլխավոր նպատակը»,- ասել է Գևորգ Դիարբյանը հարցազրույցում Armenian Weekly-ին։