20-ամյա հարձակվող «Վիտեբսկ» թիմի ֆուտբոլիստ Կարեն Վարդանյանը վերջերս հերոս դարձավ Բելառուսի առաջնության խաղում, նա կատարեց 2 գոլային փոխանցում, և նրա թիմը հաղթեց 2-1 հաշվով «Մինսկին»:
Խաղից հետո ֆուտբոլիստին հարցրեցին իր հայկական արմատների մասին և ինչ հավաքականի համար նա կցանկանար խաղալ ապագայում: Կարեն Վարդանյանը պատասխանեց, որ կընտրի Բելառուսի հավաքականը:
«Ես հայկական արմատներ ունեմ հորս կողմից: Մայրս՝ բելառուս է: Ես ապրել և մեծացել եմ միայն նրա հետ: Հորս հետ ընդհանրապես չեմ շփվում՝ միայն պապիկիս հետ: Նա Կիրովական քաղաքից է, որն այժմ կոչվում է Վանաձոր: Այնտեղ դեռևս կար «Լոռի» թիմը, որը մի քանի տարի առաջ դուրս եկավ առաջնությունից: Ամեն դեպքում, մոտ մեկ տարի առաջ ինձ առաջարկեցին դառնալ Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ: Բայց ես ուզում եմ լինել Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստ:
Հիմա ես դեռ միայն քսան տարեկան եմ: Ինչու չէ՞: Կարծում եմ, երկու-երեք տարի դրա համար ունեմ: Կփորձեմ և կանեմ ամեն ինչ դրա համար: Թող որ նույնիսկ Հայաստանի հավաքականն այժմ ավելի բարձր վարկանիշ ունի, քան Բելառուսի հավաքականը: Ես այստեղ եմ ծնվել և մեծացել: Տեսնում եք, նույնիսկ հայկական ակցենտ չունեմ», - փոխանցում է ֆուտբոլիստի խոսքերը football.by-ը:
Հիշեցնենք, որ Բելառուսում կա նաև 17-ամյա ֆուտբոլիստ Կարեն Վարդանյան: Կենտրոնական պաշտպանն արդեն ընտրել է խաղալ Հայաստանի համար և հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական: