Միլանի «Ինտերը» ընկերական խաղ անցկացրեց իսպանական «Լաս Պալմաս» ակումբի դեմ Չեզենայում: Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ որպես ավագ և կատարեց գոլային փոխանցում:
Խաղն ավարտվեց «Ինտերի» հաղթանակով՝ 3:0 հաշվով: Երկու գոլի հեղինակ դարձավ Մեհդի Տարեմին, ևս մեկ գոլ խփեց Ֆեդերիկո Դիմարկոն:
Իրանական հարձակվողը բացեց խաղի հաշիվը 11-րդ րոպեին՝ հարվածելով 11 մետրանոցից, իսկ 37-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կատարեց անցում և փոխանցում Տարեմիին: Սա Մխիթարյանի երկրորդ ասիստն է երկրորդ անընդմեջ խաղում, և երկուսն էլ Տարեմիին: Վերջնական հաշիվը սահմանեց Ֆեդերիկո Դիմարկոն 85-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 82 րոպե:
Տեսանյութ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման մասին:
«Ինտերի» հաջորդ ընկերական խաղը տեղի կունենա օգոստոսի 2-ին «Պիզայի» դեմ: