Օգոստոսի 5-7-ը Փարիզում կանցկացվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերը: Այս մեծ մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի նշանավոր ըմբիշներից մեկը ՝ աշխարհի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը: Մալխազը մրցումներից առաջ հարցազրույց է տվել "Արմենպրես" - ին:
-Մալխաս, Փարիզ-2024-ը ձեր առաջին Օլիմպիական խաղերն են: Ի՞նչ խորհուրդ ունեն այս Խաղերը ձեզ համար և ի՞նչ խնդրով եք մոտենում այս կարևոր իրադարձությանը:
-Արդեն մի քանի շաբաթ է, ինչ լիարժեք նախապատրաստական փուլ ենք անցնում: Սրանք իմ առաջին Օլիմպիական խաղերն են: Դեպի Փարիզ տանող ճանապարհին ամեն ինչ անում եմ, որպեսզի կարողանամ նպատակս ի կատար ածել` Օլիմպիական խաղերից վերադառնալ ոսկե մեդալով: Իսկ թե ինչ կլինի այդ օրը, ցույց կտա գորգը:
-Ո՞րն է ձեր մոտիվացիան այս ճանապարհին:
-Ինձ միշտ էլ մոտիվացրել է իմ հավատն առ Աստված: Այն նաև նույն հավատն է ինքս իմ նկատմամբ: Սակայն մոտիվացիան ոչինչ է, եթե չլինի կարգապահությունը, քրտնաջան աշխատանքը: Այս ամենի միասնականությունը կբերի ցանկալի արդյունքի:
-Նախորդ խաղերին ականատես եղանք մեր մարզիկների` սպորտային լեզվով ասած «վառվելուն»: Արդյո՞ք գիտակցել եք, որ դուք էլ նմանատիպ բարդ ճանապարհ ունեք անցնելու:
-Այդ ճանապարհով անցել են ոչ միայն ընկերներս, այլ նաև հորեղբայրս: Տեսել եմ, թե ինչ կարող է պատահել մարզիկի հետ: Բայց մեր թիմում ունենք նաև լեգենդար Արթուր Ալեքսանյան, նա հսկայական փորձ ունի, մեծ ճանապարհ ունի անցած: Միշտ էլ քննարկել ենք միասին ու միշտ ստացել եմ միանման պատասխան, որ Օլիմպիական խաղերին պետք է մոտենալ այնպես, ինչպես, օրինակ` աշխարհի կամ Եվրոպայի առաջնությանը: Ես էլ իմ հերթին փորձում եմ հոգեպես պատրաստ լինել:
-Ձեր քաշային կարգը (77կգ) դիտարժան քաշերից է: Ինչպիսի՞ մրցակցություն եք ակնկալում:
-Մեր քաշային կարգում մասնակցող բոլոր մարզիկներին ոչ թերագնահատում, ոչ էլ գերագնահատում եմ: Այս քաշային կարգում մասնակիցները 16-ն են, բոլորս հավասար ենք:
-Ինքներդ ձեզ ապացուցել բան ունե՞ք:
-Կարծում եմ` ինքս ինձ ապացուցելու բան ունեմ: Ինքս եմ սահմանել իմ նպատակն ու իմ առաջին մրցակիցը ես եմ: Նախ պետք է ինքս ինձ հաղթեմ, հետո նոր՝ մյուսներին:
-Եվ վերջում. խնդրում եմ ավարտեք նախադասությունը: Փարիզի Օլիմպիական խաղերն ինձ համար կլինեն…
-… առանձնահատուկ: