Այսօր մենք կխոսենք, թերևս, Հայաստանի հավաքականի ամենահայրենասեր խաղացողի՝ Յուրա Մովսիսյանի մասին: Նախ ուզում ենք շնորհավորել Յուրային 37-ամյակի կապակցությամբ, ցանկանալ բարեկեցություն և հաջողություններ գործարարության մեջ:
Սկսենք մանկությունից: Հայաստանի ապագա աստղը ծնվել է Գյումրիում՝ 1987 թվականին: Այո, պաշտոնական աղբյուրները պնդում են, որ նա ծնվել է Բաքվում, բայց դա այդպես չէ: 90-ականներին Մովսիսյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքից՝ Գյումրիից, Ռուսաստան՝ Ռոստով, այնուհետև Մոսկվա: Սակայն Յուրայի հայրը ցանկանում էր տեղափոխվել Ամերիկա, և ԱՄՆ «տոմս» ստանալու համար փաստաթղթերում նշված էր ծննդավայրը՝ Բաքու: Այդ հիմքով ընտանիքը կարող էր պահանջել արտագաղթելու թույլտվություն՝ փախստականի կարգավիճակով:
Յուրան 12 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Ամերիկա: Ամերիկայում Մովսիսյանների ընտանիքը բախվեց էմիգրանտների համար բնորոշ խնդիրներին: Հատկապես, ֆինանսական հարցերը լրջորեն էին կանգնած, այդ պատճառով երիտասարդ Յուրան եղբոր հետ աշխատանքի անցավ հայկական խանութում: Ինչպես պատմել է ինքն՝ խաղացողը, նա ստիպված էր մեկ տարով հրաժարվել ֆուտբոլից՝ ընտանիքի ծանր վիճակի պատճառով:
«Մենք եղբորս հետ դասավորում էինք ապրանքը, օգնում պահեստում, անում այն ամենը, ինչ խնդրում էին: Ընտանիքը շատ էր աշխատում՝ օրական 12-14 ժամ: Հայրս աշխատում էր մեքենաների վերանորոգման արհեստանոցում, մայրս՝ դայակ և ոչ միայն: Հայրս ընդհանրապես երկու տեղ էր աշխատում»:
Միայն ազատ ժամանակ Յուրան կարող էր զբաղվել ֆուտբոլով, բայց ոչ՝ պրոֆեսիոնալ մակարդակով: Միակ վայրը, որտեղ երիտասարդ տաղանդը կարող էր իրեն դրսևորել, դպրոցական մրցաշարերն էին, որոնցում նա փայլում էր և առանձնանում: Հետաքրքիր է, որ դպրոցից հետո Յուրան ոչ մի տեղ չընդունվեց, այսինքն՝ որևէ համալսարան կամ քոլեջի ուսանող չէր: Նա շարունակում էր խաղալ և օգնել ընտանիքին: Շնորհիվ դպրոցական մրցաշարերում փայլուն ելույթների՝ Յուրայի տաղանդի մասին լսել էին բոլորը: Այսպես, մի օր Մովսիսյանին դիմեց տեղացի մարզիչը, ով առաջարկեց խաղալ քոլեջի թիմում: Մարզիչն ասաց Յուրային, որ նա կունենա հնարավորություն՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու: Սա փաստացի ակնարկ էր այն մասին, որ Մովսիսյանն առիթ կունենա մասնակցելու MLS-ի դրաֆտին, որտեղ ակումբները խաղացողներ են ընտրում: Եվ ահա որոշ ժամանակ անց Յուրան հայտնվեց MLS-combine-ի վրա:
Մովսիսյանների հայրը՝ Սերգեյը, պատմում էր, որ Յուրան դրաֆտից առաջ երեք ամիս չէր խաղացել, և նրանք չգիտեին, թե ինչ անել: 17 տարեկան, դպրոցն ավարտվել է, թիմ չկա, հրավերներ չկան, միայն հին պատանեկան թիմի հետ մարզումներ՝ և վերջ: Բայց հանկարծակի հայտնվեց այսպիսի հնարավորություն՝ попасть в MLS! Երբ 12 տարեկանում աշխատում ես բեռնակիր, յուրաքանչյուր հնարավորության գինը լավ ես հասկանում:
«Ես մարզադաշտում էի այդ combine-ի ժամանակ: Իմ կողքին նստած էր «Լոս Անջելես Գալաքսի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Յելոպը: Հիշում եմ, թե ինչպես Յուրան 30 մետրից, գուցե ավել, ուղարկեց գնդակը վերնաձողին: Եվ այդ ժամանակ «Գալաքսիի» գլխավոր մարզիչը չդիմացավ և թքեց. «Հիմա ինչու դա արեցիր?!» Բանն այն էր, որ նա չէր ուզում, որ այլ ակումբ Մովսիսյանին դրաֆտից շուտ վերցներ: «Գալաքսի»-ն գործող չեմպիոնն էր և ուներ միայն վերջին՝ 12-րդ ընտրությունը: Բոլորը հիացան այդ հարվածով, իսկ նա՝ հուսահատվեց…»,- ասում էր Սերգեյը:
Հաջորդ օրը Մովսիսյանի հայրը և Ֆրենկ Յելոպը հանդիպեցին հյուրանոցում նախաճաշի ժամանակ: Յելոպը տեսնելով Մովսիսյանի հորը, մոտեցավ նրան և ասաց. «Երեկ Յուրան չպետք է խփեր այդ գնդակին: Հիմա ես այլևս չեմ կարողանա նրան վերցնել, բայց վստահ եմ, որ ձեր որդուն կվերցնեն ցածր կարգի թիմեր: Պատրաստվեք տեղափոխվելուն»:
Եվ իսկապես այդպես էլ եղավ: Ո՞վ գիտի, միգուցե, եթե չլիներ այդ վերնաձողը, Յուրան կմնար ընտանիքի հետ և կխաղար «Լոս Անջելեսում», բայց պատմությունը չունի ենթադրական ուղղություն, այդ իսկ պատճառով 18-ամյա Մովսիսյանը ուղևորվեց կենտրոնական Ամերիկա՝ խաղալու «Կանզաս Սիթի Ուիզարդս» թիմում: Կանզաս տեղափոխվելը ստիպեց Յուրային հասունանալ: Հետագա կես տարվա ընթացքում Մովսիսյանին հաջողվեց ներգրավվել պրոֆեսիոնալ թիմի մեջ: Ամեն ինչ հենց այնպե՛ս էր, ինչպես խոստացել էր դպրոցական մարզիչը: Ապշեցուցիչ է, թե ինչպես Յուրան, լինելով ոչ ոք, կարողացավ հաղթահարել նրանց, ովքեր նոր վերադարձել էին Օլիմպիադայից և լավ պատրաստված էին:
Կանզասում Յուրան անցկացրեց մեկ մրցաշրջան, որի ընթացքում խփեց 5 գոլ: Դրանցից մեկը՝ իր ապագա թիմի՝ «Ռեալ Սոլթ Լեյքի» դարպասին:
Հետաքրքիր է, որ այս շրջանում Յուրան հասցրեց ամուսնանալ: Շատ շուտ՝ 19 տարեկանում: Եվ տեղափոխվելով «Ռեալ», նա արդեն կնոջ՝ Մարիանայի հետ էր: Երիտասարդ ֆուտբոլիստն իր ընտրյալին հանդիպել էր Գլենդեյլի հայկական հավաքույթներից մեկում:
Մովսիսյանի գալստով «Ռեալ Սոլթ Լեյքը» սկսեց վերելք ապրել: Մեկ տարի անց Յուրան օգնեց ակումբին նվաճել երկրի առաջնությունը՝ հաղթելով այն նույն «Լոս Անջելես Գալաքսի»-ին, որի կազմում հանդես էր գալիս Դեյվիդ Բեքհեմը: Այս հաղթանակը երիտասարդ Յուրային բերեց ոչ միայն լուսանկար Դեյվիդի հետ, այլև հանդիպում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Մեր թիմի հանդիպման ժամանակ Օբամայի հետ ես հարցրեցի նախագահին. «Ինչո՞ւ չճանաչեցիք հայերի ցեղասպանությունը: Դուք մեզ խոստացել էիք դա»: Քանի որ երբ Օբաման ընտրությունների էր գնում, խոստացել էր հայկական սփյուռքին՝ «Քվեարկեք ինձ համար, և ես կճանաչեմ ցեղասպանությունը»: Բայց նա ստեց: Ահա թե ինչու ես հարց տվեցի: Նա ապշեց: Ասաց. «Դե դու ավելի լավ է ֆուտբոլով զբաղվիր, քան քաղաքականությամբ»: Ես պատասխանեցի. «Սա քաղաքականություն չէ, սա կյանք է»»:
Յուրան պատմում էր, որ նախագահ Օբամայի հետ հանդիպումից առաջ իրենց զգուշացրել էին, որ հարցեր չպետք է տրվեն: Բայց «ես կարևոր էր հարցնել դա՝ ինձ համար, բոլոր հայերի համար»: Նրա խոսքով՝ այս երկխոսությունից հետո Սպիտակ տան անվտանգության աշխատակիցները կասկածանքով էին նայում նրան և ուզում էին արագ դուրս ուղեկցել:
Ամերիկայից Մովսիսյանը հեռացավ գագաթնակետին: MLS-ում հաղթանակից հետո հայ ֆուտբոլիստը հայտնվեց Դանիայի առաջնության ակումբում, որը վերջին տեղում էր: Յուրայի գոլերի շնորհիվ «Ռանդերս»-ը բարձրացավ աղյուսակի միջին հատված և ստացավ Եվրոպա լիգայի ուղեգիր: Դանիական ակումբը կարողացավ հաղթահարել երկու որակավորման փուլեր, որոնցում Յուրան հինգ խաղում դարձավ հինգ գոլի հեղինակ: Հիանալի էր: Եվրոպայում նման արդյունքներից հետո Մովսիսյանի վրա ուշադրություն դարձրեցին Հայաստանում, և շուտով ՀՖՖ-ն առաջարկություն արեց ֆուտբոլիստին և համապատասխան նամակ ուղարկեց դանիական ակումբին:
«Կարծում եմ, որ հավաքականը այն վայրը չէ, որտեղ պետք է բավարարել իր կարիերային կամ ֆինանսական նպատակները: Ես հայ եմ, և իմ սիրտը պատկանում է այս երկրին: Երբ որոշում էի կայացնում հանդես գալ Հայաստանի հավաքականում, ղեկավարվում էի սրտով և առաջին հերթին՝ այն փաստով, որ կունենամ հնարավորություն հայ ժողովրդին թեկուզ փոքր-ինչ ավելի երջանիկ դարձնել»,- ասում էր Յուրա Մովսիսյանը:
Դանիայում Մովսիսյանի հետ բանակցությունների էին մեկնել այնպիսի ակումբների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ «Էսպանյոլը», «Ռուբինը», «Բլեքբըրնը», «Դինամո Կիևը»: Ի վերջո, «Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկու հետ անձնական զրույցից հետո Յուրան ուղևորվեց Ռուսաստան՝ դեպի հարավ:
Այն տարիներին խաղացողին զարմացրեց, որ Գալիցկին հայ է հոր կողմից (Հարությունյան): Մովսիսյանը մշտապես «Կրասնոդարի» նախագահին կոչում էր «միստր Հարությունյան»:
Հայաստանի հավաքականում Յուրան խաղում էր առանցքային դերերից մեկը: Նա շատ գոլեր էր խփում և, Մխիթարյանի և Օզբիլիսի հետ միասին, ազգային թիմի առաջատարն էր: Մովսիսյանը խաղացել է 38 հանդիպում Հայաստանի հավաքականի կազմում և խփել 14 գոլ: Իր ողջ արդյունավետության և նվիրումով, ցավոք, այդ հզոր սերունդը չկարողացավ մասնակցել խոշոր մրցաշարին:
Հետաքրքիր դրվագ տեղի ունեցավ Հայաստանի և Դանիայի միջև խաղում: Դա 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման խաղի շրջանակներում էր: Այդ խաղում Հայաստանի հավաքականը հաղթեց 4:0 հաշվով, և այսօրվա ծննդյան հերոսը դարձավ դուբլի հեղինակ: Չնայած դրան՝ երբ Մովսիսյանը դուրս էր գալիս խաղադաշտից փոխարինման, ամբողջ մարզադաշտը ծափահարում էր հայ հարձակվողին: Դանիայում հաստատ Յուրային կհիշեն:
Ռուսաստանում Մովսիսյանի կարիերան պայծառ էր, բայց անհասկանալի՝ վնասվածքների պատճառով:
«Կրասնոդարում» ժամանակն անցավ հիանալի: Յուրան դարձավ թիմի աստղը և ակումբի երկրպագուների սիրելին: 2011 թվականին Մովսիսյանին ճանաչեցին «Կրասնոդարի» լավագույն խաղացողը, իսկ հաջորդ մրցաշրջանում խաղացողը գերազանց էր խաղում և խփեց 9 գոլ՝ 13 տուրում: Ցավոք, դրանից հետո հարավի առաջնորդը վնասվածք ստացավ և դուրս մնաց մրցաշրջանի ավարտին: Մի փոքր ուշ, 2012 թվականի ձմռանը, մոսկովյան «Սպարտակ»-ը Յուրային գնեց 7.5 միլիոն եվրոյով և առաջարկեց շահավետ պայմանագիր՝ տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձով: «Կրասնոդարի» կազմում 50 խաղում Մովսիսյանը խփեց 23 գոլ, որից հետո հետաքրքիր 4 սեզոն սպասում էին Մոսկվայում: «Սպարտակ»-ի դեմ առաջին խաղում Յուրան դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Հետագայում Մովսիսյանն այլ հեթ-տրիկ գրանցեց՝ արդեն «Զենիթի» դեմ: Այս խաղի ավարտին թիմի հանդերձարանում մտավ ևս մեկ հայտնի հայ հարձակվող՝ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը, և վերցրեց Մովսիսյանի ստորագրությամբ մարզաշապիկը: «Սպարտակ»-ի կազմում Յուրան խաղաց 62 խաղ, որոնցում խփեց 25 գոլ:
Ռուսաստանում հայ ֆուտբոլիստի կարիերան անկում ապրեց: Դա բերեց վնասվածքների շարանը: Յուրան վերադարձավ ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» (նրա կարիերայի երկրորդ ակումբը), մեկ տարով մեկնեց Շվեդիա, նորից վերադարձավ Ամերիկա և ավարտեց կարիերան «Չիկագո Ֆայեր» կազմում: Իր ողջ պրոֆեսիոնալ կարիերայում Յուրա Մովսիսյանը խաղացել է 289 խաղ և խփել 111 գոլ:
Այժմ Յուրա Մովսիսյանը զբաղվում է իր Lions United ակումբի զարգացմամբ, կապ է պահպանում հայկական սփյուռքի հետ և աջակցում նրան: