Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան «Փյունիկի» խնդրանքով ստուգայց է կատարել «Հրազդան» մարզադաշտում՝ Հայկական Պրեմիեր լիգայի խաղեր անցկացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» արդեն անցկացնում է մարզումներ լեգենդար «Հրազդան» մարզադաշտում, որը իր լավագույն տարիներին կարողացել է տեղավորել ավելի քան 50 հազար հանդիսատես։ Նշենք նաև, որ խոսքը վերաբերում է միայն Հայաստանի ներքին առաջնության խաղերին, միջազգային խաղերի համար «Հրազդանը» չի համապատասխանում պահանջներին, հատկապես՝ անվտանգության առումով։
«Օգոստոսի 5-ին կայացավ ՀՖՖ-ի համապատասխան ներկայացուցիչների ստուգայցը, որի արդյունքում կազմվել է ստադիոնի ստուգման ակտը։ Զեկույցը և եզրակացությունը ուղարկվել են «Փյունիկ» ՖԱ-ին։
ՀՖՖ-ի համար երկրպագուների անվտանգության հարցը առանձնահատուկ կարևորություն ունի, և ակումբին ներկայացված վերջնական եզրակացության մեջ ընդգծվել է «Հրազդան» կենտրոնական ստադիոնի սեյսմիկ անվտանգության և կայունության ստուգման և անկախ մասնագիտացված կազմակերպության կողմից եզրակացության ներկայացման կարևորությունը։
Վերոնշյալ կետի ապահովման դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է խորհրդատվական աջակցություն տրամադրել ստադիոնի շահագործման այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել ստուգում՝ կատարած աշխատանքների գնահատման և «Հրազդան» կենտրոնական ստադիոնի շահագործման վերջնական ակտը տրամադրելու համար»,- նշված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում։