Բրատիսլավայի «Սլովանը» հերքում է Տիգրան Բարսեղյանի հնարավոր հեռանալը այս ամռանը: Երեկ համացանցում տեղեկություն հայտնվեց, որ Կիպրոսից մի ակումբ ցանկանում է պայմանագիր կնքել հայ հարձակվողի հետ:
Նույնպես որոշ լրատվամիջոցներ Սլովակիայից գրել էին, որ Բարսեղյանը չի կարողանում պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ և պետք է լքի ակումբը: Սակայն «Սլովանը» հերքել է այս լուրերը:
«Այս երեկո որոշ սլովակյան սպորտային կայքերում հայտնվեց Կիպրոսից տեղեկություն, որ Տիգրան Բարսեղյանը կարող է լքել «Սլովան Բրատիսլավան»: ŠK Slovan հերքում է այս տեղեկությունը: «Սլովան Բրատիսլավան» ունի գործող պայմանագիր Տիգրան Բարսեղյանի հետ մինչև 2024 թվականի ավարտը: Այս պահին մենք չենք բանակցում մեկ այլ ակումբի հետ նրա տրանսֆերի վերաբերյալ, և այդպիսով վերնագրերը, որ Տիգրանը «լքում է ակումբը» կամ նույնիսկ «արդեն լքել է ակումբը», ճշմարիտ չեն: Տիգրանը թիմի հետ Ավստրիայում ուսումնամարզական հավաքի մեջ է և պատրաստվում է նոր մրցաշրջանին: Բացի այդ, ակումբը բանակցում է խաղացողի հետ ներկայիս պայմանագրի երկարաձգման շուրջ, որը կավարտվի այս տարվա վերջում», - ասվում է ակումբի պաշտոնական կայքում: