Ադամ Կրիկորյանը՝ 49-ամյա գլխավոր մարզիչը ԱՄՆ կանանց ջրագնդակի հավաքականի, կրկին պատրաստվում է օլիմպիական հաղթանակներին: Կրիկորյանը, ով արդեն իր թիմին տարել է երեք օլիմպիական ոսկիներ, նպատակ ունի նվաճել չորրորդ ոսկին 2024թ.-ի Փարիզի օլիմպիական խաղերում:
Նա ծնվել է Կալիֆորնիայում՝ հայ ծնողների՝ Գարի Կրիկորյանի և Ջոյս Սրաբյանի ընտանիքում:
Կրիկորյանը սկսեց իր կարիերան որպես խաղացող՝ հանդես գալով UCLA-ի կազմում 1992-1995թթ.: Խաղային կարիերայի ավարտից հետո նա անցավ մարզչական աշխատանքին, գլխավորելով UCLA-ի տղամարդկանց և կանանց թիմերը, որտեղ մեծ հաջողությունների հասավ: Նրա ղեկավարությամբ ԱՄՆ կանանց ջրագնդակի հավաքականը նվաճեց բազմաթիվ տիտղոսներ, ներառյալ ոսկիները 2012, 2016 և 2020թթ. օլիմպիական խաղերում, ինչպես նաև բազմաթիվ աշխարհի առաջնություններ և աշխարհի գավաթներ:
Ադամ Կրիկորյանը գլխավորում է ԱՄՆ հավաքականը 2009 թվականից, և այդ ընթացքում հաղթել է 5 աշխարհի առաջնություն, 11 անգամ նվաճել է FINA-ի Աշխարհի լիգան, 4 անգամ՝ FINA-ի Աշխարհի գավաթը, և իհարկե, երեք Օլիմպիադաներ:
Կրիկորյանը համարվում է ջրագնդակի պատմության ամենահաջողակ մարզիչներից մեկը՝ արժանանալով բազմաթիվ պարգևների, ներառյալ USOC-ի 2013թ. Տարվա ազգային մարզիչ և Jack Kelly Fair Play Award մրցանակները:
Նրա ղեկավարությամբ ԱՄՆ-ի կանանց հավաքականը գերիշխել է համաշխարհային ասպարեզում՝ երկար տարիներ մնալով աշխարհի վարկանիշի առաջին տեղում:
Ադամ Կրիկորյանը և իր թիմը նպատակ ունեն ևս մեկ ոսկե մեդալ նվաճել գալիք օլիմպիական խաղերում՝ շարունակելու հաղթանակների շարքը և ամրապնդելու թիմի կարգավիճակը որպես ջրագնդակի պատմության մեծագույններից մեկը:
ԱՄՆ կանանց ջրագնդակի հավաքականը հանդես կգա B խմբում՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Հունաստանի հավաքականների հետ: Առաջին խաղը տեղի կունենա օլիմպիական խաղերի առաջին օրը՝ հուլիսի 27-ին, Հունաստանի դեմ:
2024 թվականի Օլիմպիական խաղերում կլինի ևս մեկ հայ մարզիչ թիմային սպորտաձևերում՝ Բրայան Գյուրջյանը, ով գլխավորում է Ավստրալիայի բասկետբոլի հավաքականը: