Հուլիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի «Ստրուգա»-ի դեմ պատասխան խաղից առաջ:
Նշենք, որ առաջին խաղն ավարտվել է «Ստրուգա»-ի օգտին՝ 2:1 հաշվով:
Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը.
— Ինչով զարմացրեց մրցակիցը առաջին խաղում:
— Մեզ դժվար է զարմացնել։ Մենք կարողանում ենք տակտիկապես պատրաստվել խաղերին և լավ վերլուծում ենք մրցակիցներին։ Զարմացրեց նրանց դաշտի որակը, որը շատ վատ էր և հավասարեցրեց թիմերի հնարավորությունները։ Մենք ենք մեղավոր մեր պարտության մեջ, իսկ «Ստրուգա»-ն լավ օգտվեց մեր սխալներից։ Այս շաբաթ մեզ շատ են քննադատել, և մենք արժանացել ենք այդ քննադատությանը։ Բայց ինձ հանգստացնում է այն փաստը, որ «Փյունիկ»-ը բնավորություն ունեցող թիմ է, որը կարողանում է հաղթել։ Մենք գիտենք, թե ինչպես փրկել վաղվա խաղը և կանենք ամեն ինչ, որպեսզի անցնենք հաջորդ փուլը։
— Սերժ Դեբլեն որքանո՞վ է պատրաստ խաղալ:
— Այո, նա պատրաստ է խաղալ։ Նախորդ խաղում էլ կարող էր դուրս գալ խաղադաշտ, բայց մենք մնացինք պակասությամբ, դրա համար նա արդեն չէր համապատասխանում այդ խաղաոճին։ Վաղը մենք նրան հաստատ դուրս կբերենք խաղադաշտ։
«Փյունիկ» - «Ստրուգա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին, Երևանում, տեղական ժամանակով 20:00-ին։