Կապան քաղաքի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը կվերակառուցվի և կբերվի միջազգային մրցումների չափանիշներին համապատասխան վիճակի: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ներկայումս Կապանի մարզադաշտի ենթակառուցվածքները (տրիբունաներ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) պահանջում են հիմնանորոգում: Որոշման ընդունմամբ նախատեսվում է միջոցներ ներգրավել միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային համալիրի կառուցման համար:
«Շատ կարևոր է, որ Կապանի գործող մարզադաշտը բերվի համապատասխան վիճակի և համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին: Կա հնարավորութուն ներդրումներ ներգրավել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից միջազգային ալիքներով, մասնավորապես, գազոնի տեղադրման առնչությամբ: Որոշման ընդունումից հետո այդ գործընթացները ավելի արդյունավետ կկազմակերպվեն», - ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ գործող պայմաններում անհնար է Հայաստանի Բարձրագույն լիգայի առաջնության խաղերը անցկացնել Կապան քաղաքի մարզադաշտում, այն դեպքում երբ տեղի «Գանձասար» ակումբը 2023/24թթ. մրցաշրջանի Հայաստանի Առաջին լիգայի առաջնությունում նվաճել է չեմպիոնի կոչումը և ստացել է Բարձրագույն լիգայում հանդես գալու իրավունք: Ստեղծված իրավիճակում «Գանձասարը» իր խաղերը կանցկացնի Վայքում:
Կապանի «Գանձասար» մարզադաշտը կառուցվել է 1963 թվականին և ունի 3500 հանդիսականի տարողություն: Նախկինում դա «Լեռնագործ» ակումբի տնային մարզադաշտն էր, որը գործել է 1963-2006 թվականներին: